Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապն առայժմ կգործի Լաչինի միջանցքի գործող երթուղով

Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապն առայժմ կգործի Լաչինի միջանցքի գործող երթուղով

Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապն առայժմ կգործի Լաչինի միջանցքի գործող երթուղով՝ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով: Միջանցքի այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը դեռ բարեկարգվում է:

Հայկ Խանումյան (ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) – Օգոստոսի 25-ին ֆիքսվել էր, սակայն բանակցությունների ընթացքում եկանք այն համաձայնության, որ ճանապարհը կփոխվի, երբ որ ժամանակավոր ճանապարհահատվածը պատրաստ լինի, և երբ որ ռուսական բլոկպոստերն ամբողջությամբ կահավորված և տեղափոխված կլինեն ճանապարհի վրա: Այդ գործընթացը նույնպես սկսվել է, որոշ բլոկպոստեր արդեն պատրաստ են, մյուսները ևս տեղադրվում են:

Ըստ Խանումյանի՝ նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Մինչև այդ շինարարները խճապատել են 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը և ասֆալտապատում են:

Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար) – Առաջին փուլում նախատեսված էր մինչև օգոստոսի 25-ը ավարտին հասցնել ճանապարհի կառուցումը գրունտային տարբերակով՝ խճապատած, որն էլ օգոստոսի 23-ի դրությամբ եղել է ավարտված: Բայց հանրապետության նախագահի կողմից կայացվել է որոշում, որպեսզի նշված 4,7 կիլոմետր ճանապարհը նաև ասֆալտապատվի, որի աշխատանքները նույնպես արդեն մեկնարկել են և ավարտվելու են մինչև օգոստոսի 29-ը:

Արցախի քաղաքաշինության նախարարն ասում է՝ ժամանակավոր ճանապարհահատվածն ունի 7 մետր լայնություն և մինչև ձմեռ կկահավորվի: Ձնամաքրման նպատակով նաև հենակետեր կկառուցվեն:

Արամ Սարգսյան – Հիմա կոնկրետ Հին շեն համայնքում տեղի ընտրությունն է կատարվում, որտեղ կտեղակայվեն մեր տեխնիկաները՝ ձնամաքրման և ձմեռային այլ աշխատանքների իրականացման համար: Հաշվի առնելով, որ ճանապարհը ժամանակավոր է՝ 7-8 ամսվա համար, որոշում է կայացվել միաշերտ ասֆալտապատման համար:

Միջանցքի այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը, միանում Բերձոր-Տեղ ճանապարհին՝ Աղավնոյից մոտ 3 կիլոմետր անցնելուց հետո: Այս ընթացքում տեղափոխվում են Հայաստանից դեպի Արցախ կապի մալուխն ու էլեկտրագիծը:

Հայկ Խանումյան – Կապի հարցը լուծված է, էլեկտրագծերը՝ դեռ ժամանակ կտևի, իսկ գազի պահով, ինչպես նշել եմ, այլ լուծումներ պետք է փնտրել:

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը Մեծ շեն, Հին շեն գյուղերով կկապվի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքին:

Այստեղ կառուցվում է մոտ 11 կիլոմետր ճանապարհ, որի ավարտը նախատեսվում է 2023-ի գարնանը:

Աղբյուր` 1lurer

Spread the love

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։